Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի առթիվ միջոցառումներ Բաթումում

03 մարտի, 2019

Մարտի 3-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության և աջարահայ համայնքային կառույցների մասնակցությամբ կայացել են միջոցառումներ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի 31-րդ տարելիցի առթիվ:

Սուրբ Փրկիչ եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ զոհերի հիշատակին: Ոճրագործությունները դատապարտող խոսք ասեցին Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը, «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական կազմակերպության նախագահ Սահակ Տալիթյանը, Վրաստանի ՀՕՄ Բաթումի խմբի համակարգող Էթերի Հակոբյանը, համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներ: Եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ կատարվեց ծաղիկների խոնարհման արարողություն` ՀՀ գլխավոր հյուպատոսության, համայնքային կառույցների և անհատների կողմից:

Արարողությունների ավարտին մասնակիցները տեղափոխվեցին Ալեքսանդր Մանթաշյանցի անվան հայկական կրթամշակութային կենտրոն, որտեղ ցուցադրվեցին փաստագրական ֆիլմեր սումգայիթյան եղեռնագործության և 1992թ. փետրվարին Աղդամի մոտակայքում Խոջալուի բնակիչների սպանությունների մասին:

Արարողություններին, հայկական համայնքի հետ միասին, ներկա էին նաև Բաթումի հասարակայնության, ազգային փոքրամասնությունների, ԶԼՄ ներկայացուցիչներ:

Տպել էջը